«Անանցյալ քաղաքները, մարդիկ ավելի խոցելի են ու դատապարտված»
											
													25.02.2020 | 02:05
						Ինչի՞ կարիք ունեն Երևանն ու երևանցին, նորացնու՞մ ենքԵրևանը, թե՞ կորցնում քաղաքի դիմագիծը: Արձակագիր ԴԱՎԻԹ ՍԱՄՎԵԼՅԱՆԻ հետ ճեպազրույցը մեր քաղաքում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի, քաղաքաշինական, հասարակական խնդիրների մասին է:
 
-Դավիթ, քաղաքը մարդի՞կ են, թե՞ շենքերը։ Ի դեպ, քո գրքի՝ «ՀակաՔԱՂԱՔականի» շապիկին շենքերի նկար է: 
-Քաղաքը մարդիկ են:  Գրքիս շապիկին էլ են մարդիկ, հետնանկարում` շենքեր  և կիսախարխուլ տուն: 
-Այդ շենքերը կենդանություն են ստանում, երբ մարդիկ են ապրում, ներս ու դուրս անում: Ստացվում է, շենքերն ավելի շուտ են ծնվում, քան մարդի՞կ (հարցս բխում է Վարդգես Պետրոսյանի «Քաղաքի կիսաբաց լուսամուտները» վիպակից): 
-Շենքերի մեջ մտնելուց առաջ, նախ,  իրենց ներսի պատկերացման, ճաշակի ու մտածելակերպի համաձայն, մարդիկ կառուցում են այդ շենքերը: Իրականում շենքերը մարդկանց նման են: Շենք մտնելուց առաջ նախ բակ ես մտնում: Հիմա մի գեղեցիկ կամ տգեղ շենք կարող են կառուցել առանց միջավայրի, միայնակ ու շրջապատին խորթ, որից էլ դառնում է անհասկանալի ու աչքին օտար: Անգամ չես էլ ուզում նայես, էլ ուր մնաց մտնես…
 -Թամանյանն էլ է քննադատվել ժամանակին, այսօր ասում են՝ թամանյանական Երևանը կորցնում ենք: Գուցե խի՞ստ ենք դատում: Պարզապես դժվարությամբ ենք բաժանվում հիշողություններից, անցյալից: 
-Քաղաքի դեպքում հենց հարցն gvhն է, որ չպիտի բաժանվես հիշողությունից, անանցյալ քաղաքները, մարդիկ ավելի խոցելի են ու դատապարտված: Չի կարելի ներկան կառուցել անցյալը ոչնչացնելու հաշվին: Թամանյանական Երևանը չենք կորցնում, ինչ-որ մեկը դրսից չի եկել ու տանում մեզնից այդ Երևանը, այն մենք ենք կործանում… 
-Ո՞ր թաղամասը , անկյունը կամ վայրն է քեզ դուր գալիս, և ի՞նչը կուզեիր ջնջվեր մեր քաղաքից: 
-Ես փողոցներն են սիրում՝ Զաքյան, Աբովյան, ընդհանրապես սիրում եմ քայլել քաղաքում: Կենտրոնում կուզեի փողոցային գարշահոտ առևտուրը հօդս ցնդեր, մայթերը ազատվեին: 
-Եթե դրսից հյուր գա, առաջինը ու՞ր կտանես, ի՞նչը ցույց կտաս մեր քաղաքում: 
-Առաջ կտանեի «Մոնումենտ», բայց հիմա կտանեմ մեր տուն: 
-Երևանում նպատակ կա երկնաքեր կառուցելու: Ողջունելի՞ գաղափար է: Առհասարակ, ինչպիսի՞ն կուզեիր լիներ մեր քաղաքը: 
-Երկնաքեր կառուցելու համար նախ թող սեյսմիկ հաշվարկներ անեն: Թող կառուցեն, բայց ոչ, ասենք, օպերայի կողքին։ Եթե կենտրոնում վերջին 10 տարում կառուցված շենքերը վերցնեին ու տանեին Երևանից դուրս, մի նոր քաղաք կկարողանային կառուցել: Կուզեի նախ հոգատար ու քաղաքակիրթ մարդկանցով լցվեր քաղաքը, անցածն արդեն ինքնաբերաբար կլավանար:
-«Հին Երևան» նախագիծը փորձ է վերհանելու պատմությու՞նը, թե՞ բիզնես ծրագիր է, և դարձյալ խեղաթյուրվելու է Երևանի պատկերն ու պատմությունը:
-Ընդհանրապես ժամանակակից քաղաքն առանց բիզնեսի պատկերացնելն անհնար է: Մեկը մյուսին պետք է օգնեն: ՈՒղղակի ճաշակով բիզնեսմեններ պետք է լինեն, որ քաղաքի դեմքն անճաշակ չդարձնեն: Նախկինում էլ, եթե հետ նայես, կտեսնես, որ գեղեցիկ, դիմագիծ ունեցող շենքերը կառուցվել են այդ ժամանակի հարուստների պատվերով, նրանց համար: Ամեն դեպքում, առավելագույնս հինը պիտի պահպանվի: Բայց, կրկնեմ, շենքերը առանձին վերցրած ոչինչ են, եթե չկա միջավայր՝ բակ, համալիր:
-Ծխելու արգելքը  ծխողներին կդարձնի՞ չծխող: Ինքդ ո՞ր դեպքում կթողնեիր ծխելը:
-Որքան քիչ հնարավորություն լինի ծխելու, այնքան լավ, բայց ինքս ծխելը կթողնեմ: Դրսում չծխես, տանը, միջանցքում, պատշգամբում կծխես, հնար միշտ էլ կգտնվի: Ինքս ինձ համար որոշել եմ, որ կթողնեմ, երբ երեխաս ծնվի:
-Հանրապետության հրապարակի տակ պատմական շերտի վերհանման գաղափարը առկայծեց, մարեց, նույնը կարող ենք ասել Աջափնյակի մետրոյի մասին: Ինչու՞ ոչինչ գլուխ չի գալիս, և ինչու՞ է ամեն ինչ քննադատվում դեռ ոչինչ չարած: 
-Նախ խոստանալուց առաջ պետք է մտածել, գոնե մի փուլ անցնել, նոր հրամցնել հասարակությանը: Ցանկություն ունենալը լավ բան է, բայց շատ արագ չպետք է բարձրաձայնել: Այստեղ խոսքի արժեքի ու խոսքին վստահելու հարցն է նախ և առաջ: Բայց դե քննադատելը, ավել-պակաս խոսելն ու անգաղափար բարբաջելը մտել են մեր առօրյան: Երբ լավ, ճիշտ գործ ես անում, պիտի ուշադրություն չդարձնես նման խոսակցություններին:
-Առաջնահերթ ինչի՞ կարիք ունի մեր քաղաքը: Ասում ենք՝ ամեն ինչ կենտրոնացրել ենք քաղաքում, բայց իրականում քաղաքն էլ անկատար է:
-Քաղաքակիրթ մարդկանց ու քաղաքակիրթ տրանսպորտի կարիք ունի, միջավայրի և օդի, մաքուր օդի կարիք:
-Քո պատկերացրած, երազած Երևանը՝  մեկ բառով:
-Իմ պատկերացրած Երևանում ում խելքին ինչ փչի, չի կարող անել: Իմ երազած Երևանը չի կարող մի բառի մեջ ամփոփվել։
 
Ճեպազրույցը՝ 
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ
 
						
													Հեղինակի նյութեր
								
																					- Պատմության վկաները
 
																							- Վերացող ծաղիկներ
 
																							- Ձեռք մեկնելու գաղափարը առաքելության վերածվեց
 
																							- «Մի նայեք, որ փոքր է մեր երկիրը, եթե արդուկով այս սարերը հարթեցնեք, Չինաստանից մեծ կլինի»
 
																							- «Բանկ օտոման» գործողությունը ժամանակին ցնցել էր ամբողջ Եվրոպան
 
																							- «Դրսից մեզ վրա կարող են ազդել միայն ներսի գործիքներով»
 
																							- «Երեսուն տարի ձգվեց մեր անկախության պատմությունը, մենք շահեցի՞նք»
 
																							- Մշակույթը հեռվից հեռու պահպանելու հույսով
 
																							- Անիմացիան, աշխարհն ու մենք 
 
																							- «Մեր տարածքները փոքրացան, որովհետև այդպես էլ չհասկացանք, որ պետք է խմենք մեր բաժակով»
 
																							- Արվեստի ուժը
 
																							- Նոր մատենաշարը ներկայացնում է արևմտահայ և սփյուռքյան գրողների
 
																							- Բեմը կենդանություն է ստանում առայժմ միայն մանուկների համար
 
																							- «Գիրք սիրողների համար սա իսկական մկնդեղ է` հյութեղ ու անտանելի»
 
																							- Համաշխարհային դասականների ստեղծագործությունները՝ դուդուկով
 
																							- «Բնակչությունը պատրաստ չէ, բայց տարվում են աշխատանքներ»
 
																							- Ամանորի գիշերը դիմավորելու են եկեղեցում
 
																							- «Ջազի մեջ զգացվում է ապրածդ ժամանակաշրջանը»
 
																							- «Եթե չլիներ Փելեշյանը, կարծում եմ, դեռևս գտած չէի լինի կինոյում իմ ուղին»
 
																							- «Հուշարձաններն այդ տարածքների պատկանելության անձնագրերն են»
 
																			
										Մեկնաբանություններ